YSPS
 
 
 
PARTNERS
 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ» ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


2020թ. սեպտեմբերի 3-ին Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համատեղ անցկացրեց առցանց հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանի և Վրաստանի երիտասարդ առաջնորդների միացյալ ռազմավարական տեսլականը  զբոսաշրջության՝ որպես տնտեսական աճի գործոնի, ինչպես նաև խտրականության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ: Առաջարկությունների փաթեթը մշակվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագրի շրջանակներում: Այն օգտակար էր հայ և վրացի երիտասարդ մասնագետների կայուն ցանցի ստեղծման առումով, մի կողմից նպաստելով միջսահմանային համագործակցության ամրապնդմանը, իսկ մյուս կողմից էլ` երկու երկրների միջև բազմակողմանի գործունեության վերաբերյալ երկխոսության հարթակի ստեղծմանը:

Մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը և Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի տնօրինության ներկայացուցիչ Նանա Ցերցվաձեն:

Տեղեկատվություն ծրագրի մասին

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը մեկնարկել է 2019 թ. օգոստոսին: Ընդհանուր առմամբ ծրագիրը Հայաստանից ու Վրաստանից ունեցել է 90 մասնակից՝ պետական տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոշում ընդունողներ, իրավաբաններ, հայտնի լրագրողներ, բիզնես մենեջերներ, հետազոտողներ և այլ երիտասարդ մասնագետներ: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների քննարկումներն օգտակար էին փաստերի վրա հիմնված, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ եզրակացությունների հանգելու առումով: Ծրագրի շրջանակներում Հայաստանում ու Վրաստանում տարբեր ձևաչափերով կազմակերպվել է չորս միջոցառում: 

Հանդիպումների ընթացքում հայ և վրացի բարձրակարգ փորձագետներն ու մասնակիցները մշակել են առաջարկությունների փաթեթ՝ միտված Հայաստանի և Վրաստանի ռազմավարական տեսլականի իրականացմանը: Այն է՝ ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերը կառավարելու՝ կանխարգելող, հայտնաբերող և պատժիչ միջոցներ, Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական հասարակություններում հավասարության սկզբունքով պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, հաստատել իրավահավասարություն ու անխտրականություն, բարձրորակ, բարգավաճ, մրցունակ և կայուն զբոսաշրջային ինդուստրիա ստեղծելու միջոցով երկու երկրները զարգացնել որպես զբոսաշրջության ցանկալի մեկնավայրեր։ Այնպիսի զբոսաշրջային ինդուստրիա, որը բարիք է ստեղծում բոլոր մակարդակներում, նպաստում է միջավայրի և կյանքի որակի բարձրացմանը, այցելուներին վայելքի հնարավորություն է տալիս կլոր տարին: Առանձնակիորեն կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացման հանգամանքը: Գործողությունների վերաբերյալ առաջարկությունները միտված են նպաստելու երկու երկրների բարեփոխումների գործընթացներին:

Ծրագրի մասնակիցները բարձր գնահատեցին ցանց ստեղծելու, փորձի փոխանակման հնարավորությունները, երկու երկրների համար ընդհանուր իրողությունների, բացերի ու մարտահրավերների, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիների քննարկումները, համագործակցության նոր հնարավորությունները: 

«Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գործիքի արագ արձագանքման մեխանիզմի միջոցով: Ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համագործակցաբար: Երկու կազմակերպությունն էլ Քաղաքական դասընթացների դպրոցների եվրոպական ասոցիացիայի անդամ են: