ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Թողարկման օրը՝ 06.06.2018թ.

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչև մեկ շաբաթ տևողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար: Սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների: Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն և որակով մասնակցողները: Եվս մեկ սեմինար նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցները կընտրվեն հայաստանյան սեմինարների շարքը բարեհաջող ավարտածներից՝ ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած քվոտաների:
Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն վկայականներ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ:

ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը և քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը:

Հայաստանյան սեմինարներին հրավիրվում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:

Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք:

ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում և տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները:

Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:

Հայտատուն պետք է՝
  1. լինի 23-ից մինչև 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչև 40 տարեկանների համար,
  2. ունենա 2 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժ (ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ) և աշխատելիս լինի,
  3. լինի Եվրոպայի խորհրդի որևէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի, ֆրանսերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
  1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև),
  2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն: Նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի դեպքում նաև տեղեկանք հաշվառման վայրի վերաբերյալ),
  4. ինքնակենսագրություն (CV):
Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջ լինելու դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության ակտիվ գործունեության մասին վկայող փաստարկներ և հրապարակումներ:

ՔԴԵԴ-ի սեմինարներն արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ և այլն): Ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրում կազմակերպվող սեմինարների մասնակցության ու կեցության ծախսերի մեծ մասը (ճանապարհածախս, հյուրանոց, սնունդ և այլն) հոգում է  ՔԴԵԴ-ը: ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակով ստրասբուրգյան սեմինարին հրավիրվողները մասնակիորեն՝ 410 եվրոյի չափով հանգանակությամբ, մասնակցում են ՔԴԵԴ-ի ծրագրերի իրականացմանը:

Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:

Այն հայտատուները, ովքեր քննությունների արդյունքում կհաղթահարեն մրցույթի փուլը, ուսումնական գործընթացը սկսվելուց առաջ պետք է ՔԴԵԴ ներկայացնեն.
  1. երաշխավորագիր` պարտադիր կնքված, հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե՝
ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,
բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլևս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին,
  1. հավաստագիր` պարտադիր կնքված (հատուկ ձև),
  2. աշխատանքային գրքույկի բնօրինակը և դրա պատճենը՝ վերջին 2 տարվա (2016-2018) աշխատանքային ստաժի նշումով: Անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր իրավասու պետական մարմիններից:   
Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:

Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների և մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել միջոցառումների ու մասնակիցների քանակը:

Որևէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից դրանք ի հայտ գալուն պես:

Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում: 

Դիմումներն ընդունվում են հուլիսի 4-ին, 6-ին և 9-ին, ժամը 13:00-ից 15:00-ը: Այդ օրերին հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ՝ նախապես պայմանավորվելով: Հասցե՝ Խորենացու պող. 33,  «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:

Հեռախոս՝ 010 51 11 71
Կայք՝ www.ysps.am