ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ» ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ![]() Մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը և Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի տնօրինության ներկայացուցիչ Նանա Ցերցվաձեն: Տեղեկատվություն ծրագրի մասին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը մեկնարկել է 2019 թ. օգոստոսին: Ընդհանուր առմամբ ծրագիրը Հայաստանից ու Վրաստանից ունեցել է 90 մասնակից՝ պետական տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոշում ընդունողներ, իրավաբաններ, հայտնի լրագրողներ, բիզնես մենեջերներ, հետազոտողներ և այլ երիտասարդ մասնագետներ: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների քննարկումներն օգտակար էին փաստերի վրա հիմնված, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ եզրակացությունների հանգելու առումով: Ծրագրի շրջանակներում Հայաստանում ու Վրաստանում տարբեր ձևաչափերով կազմակերպվել է չորս միջոցառում: Հանդիպումների ընթացքում հայ և վրացի բարձրակարգ փորձագետներն ու մասնակիցները մշակել են առաջարկությունների փաթեթ՝ միտված Հայաստանի և Վրաստանի ռազմավարական տեսլականի իրականացմանը: Այն է՝ ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերը կառավարելու՝ կանխարգելող, հայտնաբերող և պատժիչ միջոցներ, Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական հասարակություններում հավասարության սկզբունքով պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, հաստատել իրավահավասարություն ու անխտրականություն, բարձրորակ, բարգավաճ, մրցունակ և կայուն զբոսաշրջային ինդուստրիա ստեղծելու միջոցով երկու երկրները զարգացնել որպես զբոսաշրջության ցանկալի մեկնավայրեր։ Այնպիսի զբոսաշրջային ինդուստրիա, որը բարիք է ստեղծում բոլոր մակարդակներում, նպաստում է միջավայրի և կյանքի որակի բարձրացմանը, այցելուներին վայելքի հնարավորություն է տալիս կլոր տարին: Առանձնակիորեն կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացման հանգամանքը: Գործողությունների վերաբերյալ առաջարկությունները միտված են նպաստելու երկու երկրների բարեփոխումների գործընթացներին: Ծրագրի մասնակիցները բարձր գնահատեցին ցանց ստեղծելու, փորձի փոխանակման հնարավորությունները, երկու երկրների համար ընդհանուր իրողությունների, բացերի ու մարտահրավերների, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիների քննարկումները, համագործակցության նոր հնարավորությունները: «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գործիքի արագ արձագանքման մեխանիզմի միջոցով: Ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համագործակցաբար: Երկու կազմակերպությունն էլ Քաղաքական դասընթացների դպրոցների եվրոպական ասոցիացիայի անդամ են: |