ՔԴԵԴ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թողարկման օրը՝ 24.06.2019թ.
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
 
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) իր գործունեության 15-րդ տարում ընդունում է հայտեր 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչև մեկ շաբաթ տևողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար, որոնք տեղի կունենան սեպտեմբեր-հուլիս ժամանակահատվածում՝ տարբեր ամիսների: Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն և որակով մասնակցողները: Եվս մեկ սեմինար նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցները կընտրվեն հայաստանյան սեմինարների շարքը բարեհաջող ավարտածներից: Ընտրությունը կկատարվի դիմումների հիման վրա:
 
ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը և քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը:

Հայաստանյան սեմինարներին հրավիրվում է հանրապետության լավագույն էքսպերտային կազմը, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ:

Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք:

ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հայտնի հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, բանակում, ոստիկանությունում, բիզնեսում և տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտության ոլորտի մասնագետները, հոգևորականները:

Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում:

Հայտատուն պետք է՝
  1. լինի 23-ից մինչև 40 տարեկան: Դրանից բարձր տարիքի դեպքում բացառություն կարվի միայն բացառիկ դեպքերում,
  2. ունենա 2 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժ (ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ) և աշխատելիս լինի,
  3. լինի Եվրոպայի խորհրդի որևէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի, ֆրանսերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է:

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
  1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,
  2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն: Նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի դեպքում նաև տեղեկանք հաշվառման վայրի վերաբերյալ),
  4. ինքնակենսագրություն (CV),
  5. հավաստագիր` (հատուկ ձև),
  6. երաշխավորագիր` պարտադիր կնքված, հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե՝
ա. ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,
բ. ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:

Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլևս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին:

Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս:

ՔԴԵԴ-ի հայաստանյան սեմինարները կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս (Ծաղկաձոր, Աղվերան, Դիլիջան, Ջերմուկ և այլն): Մասնակիցների ուսումնառության և կեցության ծախսերը հոգում է ՔԴԵԴ-ը: Մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուները ՔԴԵԴ-ի սեմինարներին կարող են մասնակցել հրավիրյալի կարգավիճակով՝ համաֆինանսավորմամբ, սեփական դիմումի հիման վրա: Հրավիրյալը համաֆինանսավորմանը մասնակցում է 150 000 ՀՀ դրամի չափով:

Մասնակիցներին ու հրավիրյալներին Եվրոպայի խորհրդի կողմից կտրվի նույն նմուշի ավարտական վկայական:

Սեմինարների հայաստանյան ցիկլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների և քվոտաների: Այդ քվոտայի շրջանակում ՔԴԵԴ-ի պատվիրակության կազմում ընդգրկվողները մասնակիորեն՝ 410 եվրոյի չափով, մասնակցում են ՔԴԵԴ-ի ծրագրերի իրականացմանը:  

Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:

Այն հայտատուները, ովքեր քննությունների արդյունքում կհաղթահարեն մրցույթի փուլը, ուսումնական գործընթացը սկսվելուց առաջ պետք է ՔԴԵԴ ներկայացնեն աշխատանքային գրքույկի բնօրինակը և դրա պատճենը՝ վերջին 2 տարվա (2017-2019) աշխատանքային ստաժի նշումով: Անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր Պետական եկամուտների կոմիտեից: 
 
Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:

Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների և մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել միջոցառումների ու մասնակիցների քանակը:

Որևէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից դրանք ի հայտ գալուն պես:

Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում: 

Դիմումներն ընդունվում են հուլիսի 9-ին և 10-ին, ժամը 13:00-ից 16:00-ը: Այդ օրերին հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ՝ նախապես պայմանավորվելով: Հասցե՝ Խորենացու պող. 33,  «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:

Հեռախոս՝ 010 51 11 71
Կայք՝ www.ysps.am

Օգոստոսի երրորդ տասնօրյակում կհայտարարվի ընդունելություն 2019-2020 ուսումնական տարվա «ՔԴԵԴ Երիտասարդական» ծրագրի համար:
Print this window