ՔԴԵԴ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2024
Թողարկման օրը՝ 11.01.2024թ.

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2024 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և այլն) մասնակցելու համար:

- ՔԴԵԴ-ի միջոցառումները մեծավ մասամբ արտագնա են,
- միջավայրն ինտելեկտուալ է,
- քննարկումներն ամենաակտուալ քաղաքական, տնտեսական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և այլ թեմաների վերաբերյալ են,
- ՔԴԵԴ-ում սովորում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, վերլուծաբաններ, լրագրողներ և այլն,
- ՔԴԵԴ-ում դասավանդում են հանրապետության լավագույն էքսպերտները, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ,
- ստեղծվում են ՔԴԵԴական ցանցային կապեր մասնակիցների, շրջանավարտների և դասախոսների միջև:

Եվս մեկ միջոցառում նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցների ընտրության պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ:

Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք:

ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, քաղաքականապես չեզոք, չի հարում քաղաքական որևէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի:

ՔԴԵԴ-ը Հայաստանում ստեղծված առաջին քաղաքական դպրոցն է և գործում է շուրջ երկու տասնամյակ:

ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդության քաղաքագիտական իմացությունների ընդլայնմանը և ժողովրդավարական մշակույթի խորացմանը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան:

ՔԴԵԴ-ի շրջանավարտ են խորհրդարանի տարբեր գումարումների պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, փոխնախարարներ, ավագանիների անդամներ, նախագահի, կառավարության, ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, բիզնեսում պատասխանատու դիրքեր զբաղեցնողներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև լրագրողներ, վերլուծաբաններ, քաղաքագիտության ոլորտի մասնագետներ և այլն:

- Քննարկումները բազմաթեմատիկ են ու բազմաբովանդակ,
- մթնոլորտը բարյացակամ է ու առողջ,
- յուրաքանչյուրն ազատ է իր տեսակետների մեջ, անկաշկանդ մասնակցում է քննարկումներին,
- հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածներին կտրվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ ավարտական վկայական,
- հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածները հնարավորություն ունեն դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար:

ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, բիզնեսում և տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, կրթության ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտության ոլորտի մասնագետները:

Հայտատուն պետք է՝

1. լինի 23-ից մինչև 40 տարեկան,

2. ունենա երկու տարուց ոչ պակաս (2022-2023թթ. ներառյալ) մասնագիտական աշխատանքային ստաժ: Ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ,

3. աշխատելիս լինի,

4. լինի Եվրոպայի խորհրդի որևէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:

Անգլերենի կամ ֆրանսերենի իմացությունը նախընտրելի է:

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.

1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,

2. մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),

3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն),

4. ինքնակենսագրություն (CV):

Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս:

Վերոնշյալ պայմաններին չհամապատասխանող անձանց համար, ովքեր հետաքրքրված են ՔԴԵԴ ծրագրով, կկազմակերպվի առանձին ընդունելություն՝ այլ պայմաններով։ Նախագրանցվելու համար CV-ն ուղարկել ysps_ysps@yahoo.com էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում կատարելով «Նախագրանցում» նշումը:

Նախնական մրցույթի փուլը (փաստաթղթերի ուսումնասիրություն) հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:

Քննական գործընթացը բարեհաջող հաղթահարածները ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակ ստանալու համար ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ներկայացնում են նաև՝

1. հավաստագիր (հատուկ ձև),

2. տեղեկանք աշխատավայրից (հատուկ ձև)` պարտադիր ստորագրված ու կնքված,

3. տեղեկանք հաշվառման վայրի վերաբերյալ, ԵԹԵ ընդունելության փուլում որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել են նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի պատճենը,

4. երաշխավորագիր գործուղող կազմակերպությունից:
Հայտատուին երաշխավորող անձը/ մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար:

ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումները կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս: Ուսումնառության և կեցության ծախսերը հոգում է ՔԴԵԴ-ը: Հայաստանյան ուսումնական ցիկլի ողջ գործընթացը մասնակցի կողմից համաֆինանսավորվում է 49 800 ՀՀ դրամի չափով:

Միջոցառումների հայաստանյան ցիկլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների և քվոտաների: Ընտրված հայտատուները կայցելեն Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական պառլամենտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կստանան այնտեղ խոսք ասելու հնարավորություն:

Որևէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից՝ դրանք ի հայտ գալուն պես:

Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ՝ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում: Էլեկտրոնային տարբերակով ուղարկված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:

Դիմումներն ընդունվում են հունվարի 26-ին և փետրվարի 1-ին և 2-ին, ժամը 13:00-ից 16:30-ը: Այդ օրերին հանրապետությունից բացակայողները կարող են փաստաթղթային փաթեթը հանձնել ավելի վաղ՝ նախապես պայմանավորվելով: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:

Հեռախոս՝ 094 293903 (հարցերի դեպքում զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 14.00-16.00-ը)

Կայք՝ www.ysps.am