
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
Թողարկման օրը՝ 10.01.2025թ.
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2025 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին (սեմինարներ, քննարկումներ, հանդիպումներ և այլն) մասնակցելու համար:
-
ՔԴԵԴ-ի միջավայրն ինտելեկտուալ է,
-
քննարկումներն ամենաակտուալ քաղաքական, տնտեսական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և այլ թեմաների վերաբերյալ են,
-
ՔԴԵԴ-ում սովորում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, վերլուծաբաններ, լրագրողներ և այլն,
-
ՔԴԵԴ-ում բանախոսում են հանրապետության լավագույն էքսպերտները, օտարերկրյա փորձագետներ, դեսպաններ,
-
ստեղծվում են ՔԴԵԴական ցանցային կապեր մասնակիցների, շրջանավարտների և դասախոսների միջև:
Եվս մեկ միջոցառում նախատեսվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա), որի մասնակիցների ընտրության պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ:
Ստրասբուրգյան սեմինարներին դասախոսություններով հանդես են գալիս պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, եվրոպական առաջատար համալսարանների դասախոսներ և այլք:
ՔԴԵԴ-ը Քաղաքական դասընթացների դպրոցների Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, քաղաքականապես չեզոք, չի հարում քաղաքական որևէ հոսանքի, կուսակցության, խմբի կամ անհատի:
ՔԴԵԴ-ը Հայաստանում ստեղծված առաջին քաղաքական դպրոցն է և գործում է շուրջ երկու տասնամյակ:
ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդության քաղաքագիտական իմացությունների ընդլայնմանը և ժողովրդավարական մշակույթի խորացմանը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան:
ՔԴԵԴ-ի շրջանավարտ են խորհրդարանի տարբեր գումարումների պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, փոխնախարարներ, ավագանիների անդամներ, նախագահի, կառավարության, ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, բիզնեսում պատասխանատու դիրքեր զբաղեցնողներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև լրագրողներ, վերլուծաբաններ, քաղաքագիտության ոլորտի մասնագետներ և այլն:
-
Քննարկումները բազմաթեմատիկ են ու բազմաբովանդակ,
-
մթնոլորտը բարյացակամ է ու առողջ,
-
յուրաքանչյուրն ազատ է իր տեսակետների մեջ, անկաշկանդ մասնակցում է քննարկումներին,
-
հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածներին կտրվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ ավարտական վկայական,
-
հայաստանյան դասընթացը բարեհաջող ավարտածները հնարավորություն ունեն դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության և ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում և նրանց ստորաբաժանումներում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային և տեղական կառավարման մարմիններում, բիզնեսում և տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, կրթության ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտության ոլորտի մասնագետները և այլն:
Հայտատուն պետք է՝
-
լինի 23-ից մինչև 40 տարեկան (ընտրվելիք մասնակիցների մինչև 20 տոկոսի չափով բացառություն կարվի մինչև 45 տարեկանների համար):
-
ունենա երկու տարուց ոչ պակաս (2023-2024թթ. ներառյալ) մասնագիտական աշխատանքային ստաժ: Ուսումնառության, զինվորական ծառայության, կամավորական աշխատանքի ժամանակահատվածը չի համարվելու մասնագիտական ստաժ,
-
աշխատելիս լինի,
-
լինի Եվրոպայի խորհրդի որևէ անդամ-պետության լիիրավ քաղաքացի:
Անգլերենի կամ ֆրանսերենի իմացությունը նախընտրելի է:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կազմակերպելիք միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
-
դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձև), որի բոլոր կետերը ենթակա են պարտադիր լրացման,
-
մեկ լուսանկար (փակցնել դիմում-հարցաթերթիկին),
-
անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն),
-
ինքնակենսագրություն (CV):
Ըստ անհատական դեպքի, կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս:
Վերոնշյալ պայմաններին չհամապատասխանող անձանց համար, ովքեր հետաքրքրված են ՔԴԵԴ ծրագրով, կկազմակերպվի առանձին ընդունելություն՝ այլ պայմաններով։
Նախնական մրցույթի փուլը (փաստաթղթերի ուսումնասիրություն) հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
Քննական գործընթացը բարեհաջող հաղթահարածները ՔԴԵԴ-ի մասնակցի կարգավիճակ ստանալու համար ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ներկայացնում են նաև՝
-
հավաստագիր (հատուկ ձև),
-
տեղեկանք աշխատավայրից (հատուկ ձև)` պարտադիր ստորագրված ու կնքված:
ՔԴԵԴ-ի հայաստանյան միջոցառումները կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս՝ գիշերակացով: Հայաստանյան ուսումնական ցիկլին մասնակցելու վճարը 50 000 ՀՀ դրամ է:
Միջոցառումների հայաստանյան փուլը բարեհաջող ավարտողները կարող են դիմել ստրասբուրգյան սեմինարին մասնակցելու համար: Դիմումները քննության կառնվեն ըստ Եվրոպայի խորհրդի սահմանած պայմանների և քվոտաների: Ընտրված հայտատուները կայցելեն Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական պառլամենտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կստանան այնտեղ ելույթ ունենալու հնարավորություն:
Որևէ փուլում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից՝ դրանք ի հայտ գալուն պես:
Փաստաթղթային փաթեթը կարելի է ներկայացնել և´ էլեկտրոնային տարբերակով, և´ առձեռն:
1.
Էլեկտրոնային տարբերակ՝ հայտերն ընդունվում են հունվարի 10-ից մինչև փետրվարի 1-ը: Փաստաթղթային փաթեթն ուղարկել մեկ նամակով
ysps_ysps@yahoo.com էլ. հասցեին: Վերնագրում նշել` «2025 հայտ – անուն ազգանուն»: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխան նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել դպրոցի տնօրինության հետ:
2.
Առձեռն տարբերակ՝ հայտերն ընդունվում են հունվարի 29-ին և 31-ին, ժամը 13:00-ից 15:30-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ՝ գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում և չեն վերադարձվում:
Հեռախոս՝ 094 293903 (հարցերի դեպքում զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 14.00-16.00-ը)
Կայք՝
www.ysps.am